Հայաստանի Բանկերի Միություն
1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ բանկերի տեղակայվածության վերլուծություն
ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2019 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով հրապարակված (http://www.taxservice.am/) առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը:
Ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 511 մլրդ ՀՀ դրամ, որը 2018թ-ի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 64.4 մլրդ ՀՀ դրամով կամ 14.4%-ով, իսկ միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 29.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.8%ը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 4.4 մլրդ ՀՀ դրամով կամ 17.5%-ով: Ընդ որում 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5.6%-ը:
Այստեղ միանգամից նկատենք, որ և՛ 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում, և՛ 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում թվով կազմում են 1.7%, իսկ վճարված հարկերով՝ համապատասխանաբար 5.8% և 5.6%:
Ներքոհիշյալում ներկայացնենք ընդամենը հարկերի նկարագրողական վիճակագրությունը, առևտրային բանկերի և մնացած կազմակերպությունների համար, առանձնացված տեսքով: Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում` 1 732 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 489 մլն դրամ: 2018թ-ի առաջին կիսամյակի այս ցուցանիշը՝ 1 475 մլն դրամ, ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 428 մլն դրամ:
Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 214.3 մլրդ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 46.2 մլրդ դրամով կամ 27.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում 2018թ-ի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 3 մլրդ դրամով կամ 12%-ով՝ կազմելով 28 մլրդ դրամ: 2018թ-ի առաջին կիսամյակի ընթացքում բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել է 25 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 14.8%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2019թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ 11, իսկ 2018թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-յակի ցուցակում: Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2019թ-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 1 649 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 189 մլն դրամ: 2018թ-ի առաջին կիսամյակի տվյալներով այս ցուցանիշը՝ 1 475 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 145 մլն դրամ: